Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

«Ռենեսանսից» առաջ

«Ռենեսանսից» առաջ
17.06.2008 | 00:00

Անկախության առաջին տարիներին Հայաստանի ազգային անվտանգության համակարգում մշակվեց և գործողության մեջ դրվեց բավական պարզ, բայց իրականում խորամանկ և գործնական մեթոդ՝ ուղղված հասարակության մեջ կուտակված «գոլորշին» բաց թողնելուն։ Այդ համատեքստում հաճախ իշխանության կողմից սանկցավորվում և նույնիսկ նախաձեռնվում էին ընդդիմության հանրահավաքներ, որոնք անցկացվում էին հաշվարկված կանոնավոր ժամկետներում, սակայն սահմանափակվում էին ժամանակային և տարածքային առումով։ Այդպիսի հանրահավաքներում, ինչպես և պահանջվում էր, հնչում էին խիստ բացասական և կտրուկ գնահատականներ իշխանությունների հասցեին, առանց, սակայն, կոնկրետ գործողությունների և պլանավորված ակցիաների։ Ինչպես ցույց տվեց այն տարիների փորձը, երեք-չորս այդպիսի հանրահավաքներից և ցույցերից, անիմաստ խոսքակռվից հետո տեղի էր ունենում բացասական էներգիայի վատնում, և բողոքի ակցիաների մասնակիցների քանակը շատ արագ նվազում էր, հանրահավաքները դառնում էին ապատիկ ու աստիճանաբար՝ անիմաստ։ Իսկ քաղաքական դաշտում տեղի էր ունենում լարվածության որոշակի թոթափում։

Այժմ, երբ անդրադառնում ենք ներկա իրավիճակին, ապա բնավ հասկանալի չէ այն «կարուսելը», որ սկսվել է արմատական ընդդիմության հանրահավաքի շուրջ, ինչը ցույց է տալիս, որ վերոնշյալ շատ տրամաբանական մեթոդը Հայաստանում այլևս չի գործում։ Գուցե այն պատճառով, որ իշխանություններն այսօր չափից ավելի լրջորեն և զգուշությամբ են վերաբերվում ընդդիմության զանգվածային միջոցառումներին կամ էլ գործում են այն սկզբունքից ելնելով, թե նախկինում կիրառված բոլոր մեթոդները սխալ են եղել։

Մինչդեռ հարկադրված ենք արձանագրել, որ երկուսուկես ամիս տևած հարաբերական անդորրից և փոխադարձ անհանդուրժողականության բավական իներտ գործընթացից հետո երկու քաղաքական բևեռների միջև հակադրությունը կարող է ձեռք բերել նախկին սրությունն ու չարության երանգը։ Ավելին, եթե հունիսի 20-ին տեղի չունենա ընդդիմության հանրահավաքի փոխզիջումային տարբերակը՝ Մատենադարանի տարածքում, որն իրականում խիստ անհարմար է զանգվածային միջոցառման ընկալում ձևավորելու տեսանկյունից, իրավիճակն ինչ-որ մեկի չար կամքով կամ իշխանության անհեռատեսության հետևանքով կրկին կզարգանա «խցանման» տարբերակով՝ հանգեցնելով ներքին և արտաքին նոր ցնցումների։

Արժե նկատի ունենալ, որ հունիսի 20-ի միջոցառման անցկացումն արմատական ընդդիմության և նրա առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի համար բացարձակ սկզբունքային հարց է։ Ոչ միայն այն պատճառով, որ արդեն մեկ ամսից ավելի խոսվում է այդ միջոցառման մասին, և դրա անցկացումը պահանջվում է ներկա քաղաքական իրավիճակից ելնելով, այլև հետընտրական ժամանակահատվածում իր դիրքերի որոշակի անկումից հետո ընդդիմության համար անչափ կարևոր է կրկին հայտարարել և արտաքին աշխարհին ցուցադրել իր ուժն ու շարժման զանգվածայնությունը։

Հակառակ դեպքում մշտապես խիստ պրագմատիկ արևմտյան դիտորդները կսկսեն այդ շարժումը դիտարկել արդեն իբրև նախկին` դրանից բխող բոլոր հետևանքներով։ Ընդդիմության համար պակաս կարևոր չէ որոշակի իմիջային և կազմակերպական խնդիրների լուծումը։ Առաջին հերթին հարկ է ընդգծել, որ հռչակված Կոնգրեսն առայժմ շարունակում է հանդիսանալ կառուցվածքային առումով ոչ ֆորմատային միավորում, որը չունի իրական ծրագրեր, համապատասխան հիերարխային կառուցվածք։ Ավելին, ընդդիմության շարքերում օբյեկտիվ, իսկ շատ հաճախ էլ սուբյեկտիվ պատճառներով տեղ գտած ապակենտրոնացման դրսևորումները նույնպես չեն կարող մտահոգիչ չլինել, որովհետև իրական շարժումն աստիճանաբար սկսում է վերածվել «բրոունյան շարժման», որի գործողությունները քաոսային են կամ չպլանավորված։ Այդ իրողության բացասական կողմը դեռևս այդքան ակնհայտ չէ, բայց իր մեջ ունի աճի ներուժ, որի հետևանքների համար պատասխանատվությունը կրելու են շարժման լիդերն ու ղեկավարությունը։

Ինչ վերաբերում է Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական խարիզմային, ապա այն նույնպես ակնհայտորեն ունի «սինուսոիդալ» բնույթ։ Այսինքն՝ վարկանիշի վերջին աճը՝ առանց այն պահպանելու անհրաժեշտ միջոցառումների, անկասկած, նվազման միտում է արձանագրելու, և դա չի կարող չհասկանալ այնպիսի փորձառու և հավակնոտ քաղաքական գործիչը, ինչպիսին առաջին նախագահն է։ Բոլոր այս հանգամանքները հիմք են տալիս ենթադրելու, որ հունիսի 20-ի հանրահավաքն արմատական ընդդիմության համար վերածվել է յուրօրինակ ռուբիկոնի, որը նրանք պարտավոր են անցնել ցանկացած դեպքում և իրե՛նց կանոններով։ Միաժամանակ ստեղծված իրավիճակի տարրական հաշվարկը հիմք է տալիս պնդելու, որ այդ միջոցառումը, այնուհանդերձ, կկրի ավելի շատ ուտիլիտար, քան լայն հասարակական բնույթ և չի ուղեկցվի ինչ-որ արմատական գործողություններով։ Այս ամենի հաշվառմամբ առաջանում է հարց, թե ինչո՞ւ են իշխանությունները գրգռում ընդդիմությանը և չեն ցանկանում դիմել թեկուզ նվազագույն զիջումների։

Կարելի է ենթադրել, որ բացի իշխանության ճամբարում գործընթացի ակնհայտ հրահրողներից, որոնք արդեն մի քանի ամիս է հստակ գործում են «որքան վատ նոր իշխանության, այնքան լավ նրա նախորդի համար» սկզբունքից ելնելով և ձգտում ապացուցել, որ հանդուրժողականությունը հայկական իրականությանը բնորոշ դրսևորում չի կարող լինել, այնուհանդերձ, նոր իշխանության ներսում էլ ձևավորվել է վտանգի կայուն զգացողություն։ Տարածվող լուրերը, թե հունիսի 20-ին ընդդիմությունը նախատեսում է խորհրդարանի գրավում կամ մտադիր է կրկին անժամկետ գործողության վերածել բողոքի ակցիաները, հատկապես, եթե իր տրամադրության տակ ունենա «կրիտիկական զանգված», ոչ միայն յուղ են լցնում կրակի վրա և սրում իշխանության անհանգստությունը, այլև ֆեոդալական-վասալական համակարգի տրամաբանությունից ելնելով, այդ համակարգի երաշխավորը համարվող նախագահից պահանջում են կոշտ, վճռական և անզիջում քայլեր։ Միաժամանակ, բացի այս զգացմունքային-հոգեկերտվածքային հանգամանքներից, որոնք սկզբունքորեն պետք է անտեսվեին նոր իշխանությունների կողմից, ոչ պակաս կարևոր է այն փաստը, որ զանգվածային դժգոհության միջոցառումների հաջողության դեպքում արտաքին աշխարհի դիտորդները կասկածի տակ են առնելու գործող ռեժիմի լեգիտիմությունը, իսկ դա արդեն շատ ավելի լուրջ է։

Բայց, այնուհանդերձ, հիշեցնենք, որ հանրահավաքներն արգելելու ձևով ընդդիմությանը հասցվող «ապտակները» կամ էլ ընդդիմադիր միջոցառումների համար անհարմար տարածքների տրամադրումը ոչ միայն որևէ առարկայական վնաս չեն հասցնում ընդդիմությանը, այլև տալիս են ճիշտ հակառակ արդյունքը։ Դրանց հետևանքով ոչ միայն բորբոքվում է ատելությունը իշխանությունների նկատմամբ, այլև ընդդիմության ներքին միավորման գործընթացները դառնում են ավելի ինտենսիվ, դրանցում ընդգրկվում են նոր դժգոհ տարրեր, առիթ է ստեղծվում մեկ անգամ ևս բղավելու բռնապետության մասին և այլն։ Ո՞րն է ավելի սարսափելի իշխանության համար, դժվար է ասել, բայց արժե հիշեցնել ժամանակին մեծ ժողովրդականություն վայելող ֆիլմերից մեկի հայտնի երգի խոսքերը՝ իսկական հերոսները միշտ առաջ են գնում շրջանցելով։ Միշտ չէ, որ հաղթանակի ամենակարճ ճանապարհն ուղղագիծ հակադրությունն է։

Եվ վերջապես, ևս մի շատ կարևոր հանգամանք. նոր իշխանությունը, որը հավակնում է բարեփոխումներ իրականացնել երկրում ¥անկախ նրանից՝ արտաքին ճնշման կամ սեփական համոզվածության արդյունքում¤ պետք է իր համար որոշում կայացնի, թե ովքեր են իր գլխավոր հակառակորդները՝ նախկին կլանային համակարգի ներկայացուցիչնե՞րը, որ շարունակում են տիրապետել որոշակի լծակների, թե՞ փոփոխությունների ձգտող հասարակությունը։ Ինչ վերաբերում է ընդդիմությանը, ապա նրան էլ արժե հիշեցնել, որ կտրուկ արմատական գործողությունները կարող են հակառակ արդյունքը տալ, և դրանց հետևանքով իշխանությունը ոչ միայն էական վնասներ չի կրի, այլև այդ գործողությունները հիմք կդառնան այսօր քայքայման շեմին գտնվող կլանային-օլիգարխիական համակարգի վերակենդանացման համար, այդ համակարգի ներսում կրկին ուժեղացնելով նախկին տիրոջ՝ Քոչարյանի նկատմամբ եղած կարոտախտը։ Այսպիսով, ակնհայտ է, որ հունիսի 20-ի հանրահավաքը և դրա անցկացման շուրջ ծավալված գործընթացները պահանջում են շատ հաշվարկված և հավասարակշիռ քայլեր ինչպես իշխանության, այնպես էլ ընդդիմության կողմից։ Խաղագումարը չափից ավելի մեծ է, որպեսզի կողմերից յուրաքանչյուրն այս պարագայում գործի բացառապես սեփական համոզմունքներից կամ շահերից ելնելով։

Սոնա ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 7821

Մեկնաբանություններ